Արմինֆո. Նախկին իշխանության օրոք ընդդիմադիրների գործերով գրեթե ցանկացած դատավարություն հայտնվում էր արևմտյան դեսպանատների աշխատակիցների, հաճախ նաև դեսպանների ուշադրության կենտրոնում։ Այսօր, երբ խոսքը վերաբերում է 50 քաղբանտարկյալների, նրանցից ոչ մեկը դատարանի նիստերի դահլիճում չէ ։ Այդ մասին նոյեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ այդ լկտիությանը պետք է վերջ տալ, և արևմտյան պետությունների դեսպանատները պետք է պատասխանեն մի պարզ հարցի. ինչի՞ հետ են կապված երկակի ստանդարտները։ Ի դեպ, ինչպես կարծում է նախկին պատգամավորը, այդ բոլոր գործընթացները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ
Հայաստանում իշխանությունը չի փոխվել։ Մինասյանը հիշեցրել է Նիկարագուայի բռնապետ Անաստասիո Սամոսայի հասցեին Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին վերագրվող հայտնի արտահայտությունը, որում ասվում է. "Նա, իհարկե, շան որդի է, բայց նա մեր շան որդին է, և մենք կպաշտպանենք նրան": Պատգամավորը նշել է, որ ցանկացած բռնապետ, որը պաշտպանում է արևմտյան երկրների աշխարհաքաղաքական շահերը, ընդունելի կլինի նրանց համար, անկախ այն հանգամանքից, թե արրրդյոք խախտվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, թե՝ ոչ: "Այդ արժեքները նրանց համար բացարձակապես ոչ մի նշանակություն չունեն", - փաստել է ՀՀԿ ներկայացուցիչը: