Արմինֆո.Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում օկուպացված Շուշիի պատմական հայկական գերեզմանոցի միջով:
Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը՝ Caucasus Heritage Watch-ը, ահազանգել է տապանաքարերի ավերման մասին:
«Հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես «Երևանյան դարպասների» մոտի գերեզմանոց։ Գերեզմանոցը ծածկում է խիտ անտառը, ծառերի մեջ կա առնվազն 78 տապանաքար՝ 1802-1913 թթ. թվագրվող հայերեն արձանագրություններով", - հաղորդել են կազմակերպությունից, դժվարանալով ասել, թե քանի տապանաքար է վնասվել։
Նշենք, որ սա առաջին անգամը չէ, երբ Ադրբեջանը բուլդոզերով քանդում է հայկական մշակութային ժառանգությունը ։ Նույն ճակատագրին են արժանացել Նախիջևանի Հին Ջուղայի միջնադարյան գերեզմանատունը, բազմաթիվ եկեղեցիներ և մշակութային այլ օբյեկտներ օկուպացված Արցախի տարածքում և նույնիսկ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։