Արմինֆո. Ամոթալի է, որ ԱՄՆ հարկատուների դոլարներն օգտագործվել են Ադրբեջանի կողմից հայ քրիստոնյաների հետապնդումները ֆինանսավորելու համար։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին։
"Ես զարմացած եմ, որ նախագահի ոչ մի թեկնածու, նույնիսկ, չի ճանաչել այդ չարագործությունը։ Ադրբեջանին ռազմական օգնության արգելափակումը ճիշտ քայլ է", - հավելել է նա։
Նշենք, որ ԱՄՆ Սենատը նոյեմբերի 16-ին ընդունել է S. 3000 (IS) - Armenian Protection Act of 2023 հայանպաստ նախագիծը, որն Ադրբեջանին զրկում է ռազմական աջակցությունից:
Սենատորները քվեարկել են փաստաթղթի օգտին, որը թույլ չի տալիս նախագահին օգտվել 107-115 հանրային օրենքից։ Վերջինս նախագահին թույլ էր տալիս շրջանցել "Ազատության աջակցության ակտի" 907-րդ ուղղումը, որն արգելում է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։
Ակտը Սենատ է ներկայացվել այս տարվա սեպտեմբերի 29-ին՝ սենատոր Հարի Փիթերսի (դեմոկրատ Միչիգանից) կողմից։ Ակտը երկու անգամ ընթերցվել է և փոխանցվել միջազգային հարաբերությունների կոմիտեին։ Եթե նախագիծն ընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից և ստորագրվի պետության ղեկավարի կողմից, ԱՄՆ նախագահը չի կարողանա շրջանցել 907-րդ ուղղումը և Ադրբեջանին օգնելու համար ֆինանսավորում ստանալ 2024-2025 թվականների բյուջետային հատկացումներից: