Արմինֆո. "Դոկտոր Լիզա" բարեգործական հիմնադրամը վերջին մեկ ամսվա ընթացքում 20 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել արցախցի փախստականներին: Այդ մասին նոյեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում "Դոկտոր Լիզա" հիմնադրամի ծրագրերի համակարգող Անի Մարտիրոսյանը։
Ընդ որում, նա հաղորդել է, որ Հայաստանի հետ փոխգործակցությունն այսքանով չի սահմանափակվի։ Առաջիկայում հիմնադրամը հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկելու Արարատի մարզում ապաստան գտած Արցախիցբռնի տեղահանված անձանց: Մասնավորապես, հերթական մարդասիրական բեռը կառաքվի Արարատի մարզի Մասիս և Արտաշատ քաղաքներ և 4-5 գյուղեր։
Անի Մարտիրոսյանը հաղորդել է, որ կարիքների բացահայտման նպատակով հիմնադրամը համագործակցում է պետական ներկայացուցիչների հետ: Արարատի մարզում իրականացվելիք մարդասիրական երրորդ ակցիայի դեպքում քննարկումներ են ընթանում մարզպետի, քաղաքապետերի հետ, ինչպես նաև բացահայտվում են արցախցիների հետ շփման շրջանակում:
Ինչպես նշվել է մամուլի ասուլիսի ընթացքում, "Դոկտոր Լիզա" հիմնադրամը սկսել է օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին 2010-ական թվականներից, առավել ակտիվ աշխատանքը շարունակվել է 2020 թվականի աշնանը՝ Արցախյան 44 - օրյա պատերազմից հետո:
"Դոկտոր Լիզա" հիմնադրամի օգնության հերթական խմբաքանակը սպասվում է Ամանորի նախաշեմին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում ԼՂՀ ավելի քան 106 հազար քաղաքացիներ բռնի տեղահանվել են Հայաստան:
Նշենք, որ 2007 թվին Ելիզավետա Գլինկան կամավորների եւ օգնականների հետ հիմնել է միջազգային հասարակական կազմակերպություն, որպեսզի օգնի նրանց, ովքեր կորցրել են հույսը, նրանց, ումից հրաժարվել են ուրիշները, նրանց, ում ոչ ոք չի օգնի: Ավելի քան տասը տարի գրեթե ամեն օր նա հանդիպել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց հետ. ինքը, կամավորների և հովանավորների օգնությամբ, կազմակերպել է անհրաժեշտ օգնություն ՝ բժշկական, իրավական, նյութական՝ օգնելով գոյատևել մարդուն և նրա ընտանիքին պատուհասած դժվարություններից։ Ելիզավետա Գլինկան մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 25-ին Սև ծովի վրա տեղի ունեցած ավիավթարի հետևանքով ՝ հիվանդ երեխաներին մարդասիրական օգնություն հասցնելին։
2018 թվականի մարտին Ելիզավետա Գլինկայի համախոհները, ընկերներն ու մտերիմները հիմնադրել են "Դոկտոր Լիզա" հիմնադրամը ՝ նրա գործը շարունակելու համար ։ Հիմնադրամի հիմնական խնդիրը, ինչպես նախկինում, կյանքի դժվարին իրավիճակում կամ նեղության մեջ հայտնված մարդկանց օգնելն է: Հիմնադրամը օգնություն է տրամադրում անօթևաններին, միայնակ թոշակառուներին և հաշմանդամներին, անբուժելի հիվանդ մարդկանց, պատերազմներից, բնական աղետներից տուժած երեխաներին, արտակարգ իրավիճակների գոտիներում գտնվող ընտանիքներին:-