Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը ներկայացրել է օրինագիծ, որը պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, Ադրբեջանի կողմից գերեվարված քաղաքացիական անձանց և քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Արցախի կառավարական պաշտոնյաներին, որոնք ապօրինաբար ձերբակալվել են անցյալ ամիս Ադրբեջանում էթնիկ զտման ժամանակ: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Աղբյուրի համաձայն, կոնգրեսականի ներկայացրած բանաձևում Ջո Բայդենի վարչակազմին կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների նկատմամբ՝ համապատասխան Մագնիտսկու՝ մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվության գլոբալ օրենքի, որոնք պատասխանատու են հայ ռազմագերիների ապօրինի ձերբակալության, խոշտանգումների և սպանությունների համար: Նա նաև կրկնել է ԱՄՆ Կոնգրեսին ուղղված կոչը՝ պահպանել Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժնի սահմանափակումները՝ Ադրբեջանին անվտանգության ոլորտում ամերիկյան օգնության եւ ռազմական օգնության նկատմամբ:
"Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի ապօրինի պահվող արցախցի բոլոր պաշտոնյաներին, ռազմագերիներին և այլ պահվող անձանց, ոչ թե բարտերի միջոցով, որպես Բաքվի կողմից մարդկային տառապանքների դաժան առևտրայնացման մաս, այլ՝ միջազգային իրավունքի գծով իր պարտավորություններին համապատասխան։ Մենք շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսական Շիֆին այդ միջոցը կիրառելու համար եւ ակնկալում ենք երկկուսակցական աշխատանք, որպեսզի այդ միջոցը շտապ կարգով ընդունվի ամբողջ Ներկայացուցիչների պալատի կողմից", - հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
"Ադրբեջանն արդեն մեղավոր է վերջին պատերազմի ընթացքում կատարված ծանր ոճրագործությունների համար, իսկ հայերի շարունակվող ապօրինի կալանավորումը խորացնում է խնդիրը: Ադրբեջանում այդ կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, ներառյալ խոշտանգումներն ու սպանությունները, ուղղակի սպառնալիք են միջազգային օրենքի և կարգի համար: Իմ բանաձևն ԱՄՆ կառավարությանը և միջազգային հանրությանը կոչ է անում դիմակայել Ալիևի ռեժիմի կողմից հայ համայնքի նկատմամբ իրականացվող մարդու իրավունքների այդ կոպիտ խախտումներին և այդ կալանավորներին վերադարձնել իրենց ընտանիքներ", - հայտարարել է Շիֆը։
Բանաձևում դատապարտվում է Ադրբեջանի կողմից որպես քաղբանտարկյալներ Արցախի քաղաքացիական և զինվորական պաշտոնյաների՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Արցախի նախկին ռազմական ղեկավարներ Լևոն Մնացականյանի ու Դավիթ Մանուկյանի գերեվարումը:
Ներկայացուցիչների պալատի անդամ Շիֆի բանաձևը հիմնված է համանման օրենքի վրա, որը նա և Կոնգրեսի հայկական խումբը գլխավորել են 2021 թվականին, որը լայն աջակցություն է ստացել երկու կուսակցությունների կողմից։ Ադրբեջանի առաջնորդների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների և Ադրբեջանին ԱՄՆ-ի օգնության 907-րդ բաժնի սահմանափակումների կիրառման կոչը համահունչ է երկկուսակցական օրենսդրությանը և կոնգրեսականների բազմաթիվ նամակներին՝ հղված Բայդենի վարչակազմին, որոնք ստացել են Կոնգրեսի ավելի քան 100 անդամների աջակցությունը: