Արմինֆո.Ադրբեջանը ձևակերպել է Հայաստանից ակնկալվող հերթական զիջումը` հայտնի 8 գյուղերը և սկսել է դրա ուղղությամբ ինտենսիվ աշխատել: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ընդ որում` Բաքուն հատկապես դրսում աշխատում է այն տրամաբանության մեջ, որ Հայաստանի իշխանությունն ինքն է հրապարակային խոսել դրանց ադրբեջանական պատկանելիության մասին:
Սա շատ նման է այն իրավիճակին, երբ փաշինյանական իշխանությունը նախ Արցախը հռչակեց Ադրբեջան, նշեց, որ Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում, իսկ հետո Ադրբեջանն այդ հայտարարություններն օգտագործելով տարբեր կենտրոնների հետ երկխոսությունում, հարձակում սկսեց Արցախի դեմ: Էլ ի՞նչ ձևով է լինում հանձնումը. Փաշինյանն ադրբեջանական ախորժակի բավարարման համար սահուն դաշտ է նախապատրաստում», - ամփոփել է Աբրահամյանը:
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանը վերջնագրի տեսքով Հայաստանից պահանջել է 8 հայկական գյուղ, որոնք նա անվանում է անկլավային։ Հատկանշական է, որ Ադրբեջանն անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին ։ Բաքուն սկսել է խոսել ադրբեջանցի փախստականների Հայաստան վերադարձի մասին, սակայն ոչինչ չի ասվում ավելի քան 500 հազար հայերի մասին, որոնք փախել են Ադրբեջանից բառացիորեն մերկ՝ փրկելով իրենց կյանքը ադրբեջանական ջարդերի ֆոնին։ Մինչդեռ, ադրբեջանցիները Հայաստանից հեռանալիս ոչ միայն հնարավորություն են ունեցել վաճառել կամ փոխանակել իրենց բնակարանները, այլև փոխհատուցում են ստացել Հայաստանի կառավարությունից ։ Ադրբեջանի հայերը նման բան չեն ստացել։ Ավելին, նրանցից հազարավորները դաժանաբար սպանվել, բռնաբարվել են Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի իրենց տներում: