Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աստանայում Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ հոբելյանական գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ինչպես հաղորդում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-ադրբեջանական կապերը, տարածաշրջանային և գլոբալ հարցեր, ինչպես նաև իսրայելապաղեստինյան հակամարտությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակին և "Ադրբեջանի ու Հայաստանի միջև հետկոնֆլիկտային գործընթացին":
Իսրայելապաղեստինյան հակամարտության համատեքստում Էրդողանը հայտարարել է, որ մարդասիրական օգնություն ցուցաբերելու Թուրքիայի ջանքերը կշարունակվեն էլ ավելի ակտիվ: Բացի այդ, Թուրքիայի առաջնորդը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է հստակ ազդակներ ուղարկի, որպեսզի ապահովի Իսրայելի կողմից միջազգային իրավունքի պահպանումը: "Տարածաշրջանում մշտական խաղաղությունը հնարավոր է միայն 1967 թվականի սահմաններում աշխարհագրորեն ինտեգրված և անկախ Պաղեստինի պետության ստեղծման դեպքում՝ Արևելյան Երուսաղեմում մայրաքաղաքով", - կարծում է Էրդողանը: