Արմինֆո. Ռուսաստանը Հայաստանի հետ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վերաբերյալ համաձայնագիր չի կնքի, կարծում է Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:
"Ես կարծում եմ, որ ՄՔԴ-ի վերաբերյալ մեր եւ Հայաստանի միջեւ լրացուցիչ համաձայնագիր չի լինի։ Մենք, ընդհանրապես, չենք ճանաչում այդ կառույցը։ Ինչու՞ մենք պետք է ինչ-որ նոր համաձայնագիր քննարկենք այս խնդրի շուրջ", - ասել է նա "Սոլովյով Live" ուղիղ եթերում՝ մեկնաբանելով միջպետական համաձայնագիր ստորագրելու Հայաստանի իշխանությունների առաջարկը, որը թույլ կտա շրջանցել Հռոմի ստատուտի պահանջները:
Ընդ որում, նա համոզված է, որ Հայաստանը վաղ թե ուշ պետք է հետ կանչի Հռոմի ստատուտին միանալու իր որոշումը, եթե ցանկություն կա հետագայում ևս ապրել խաղաղ, բարիդրացիությամբ, միմյանց օգնություն և փոխադարձ աջակցություն ցուցաբերել:
Ավելի վաղ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրել էր, որ ՀՀ-ն Ռուսաստանին առաջարկել է համաձայնագիր, որը թույլ կտա շրջանցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի պահանջները: "Հռոմի ստատուտի վավերացումից մի քանի ամիս առաջ մենք Ռուսաստանին առաջարկել ենք ստորագրել երկկողմ համաձայնագիր, որպեսզի մեր միջպետական իրավահարաբերությունները միջազգային կառույցներում ստուգման չենթարկվեն, որպեսզի վավերացումը չազդի մեր հարաբերությունների վրա", - նշել էր Արշակյանը, հավելելով, որ Հայաստանը Ռուսաստանից պատասխան չի ստացել համաձայնագրի ստորագրման վերաբերյալ, բայց մինչ Հռոմի ստատուտի ուժի մեջ մտնելը դեռ շատ ժամանակ կա:
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ի նիստում վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, ինչից հետո այն պետք է ստորագրի երկրի նախագահը: Այն ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերի ավարտից 60 օր հետո: