Արմինֆո.Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը Եվրոպական միության հիմնական նպատակներից մեկն է: Այդ մասին նոյեմբերի 1-ին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը՝ Եղեգնաձոր քաղաքում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) կենտրոնակայանի բացման արարողության ժամանակ։
Նրա խոսքով՝ կենտրոնակայանի բացմամբ կնշանավորվի ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական առաքելության լիարժեք գործունեությունը: Միևնույն ժամանակ, դիվանագետն ընդգծել է, որ EUMA-ն իր գործունեության առաջին իսկ օրերից (ընթացիկ տարվա փետրվարից) արժանի ներդրում է ունեցել Հայաստանի շուրջ իրավիճակի կայունացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում:
"Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի սկզբին Գրանադայում, Եվրամիությունը կրկին դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ և ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այդ ջանքերին։ Հայաստանում ապաստանած Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 000 բնակիչների մարդասիրական կարիքները գտնվում են մեր անմիջական ուշադրության կենտրոնում", - նշել է Մարագոսը։
Դիվանագետը նաեւ հաղորդել է, որ իրենք Հայաստանի կառավարության եւ հումանիտար կազմակերպությունների հետ միասին ջանասիրաբար աշխատում են, որպեսզի նպաստեն Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարած 25 մլն եվրո օգնության փաթեթի ստացմանը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն և Հայաստանը լի են վճռականությամբ հետագայում ևս ամրապնդել կապերը ՝ աշխատելով համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Եվրամիության տնտեսական և ներդրումային ծրագրի ողջ ներուժի բացահայտման ուղղությամբ:
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, իր հերթին, նշել է, որ այսօր ՀՀ տարածքում իրենց գործունեությունն են իրականացնում առաքելության 93 անդամներ՝ Եվրամիության անդամ 23 երկրներից: "Սեպտեմբերի դրությամբ մեզ մոտ գործում է վեց կետ՝ Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Մարտունիում, Եղեգնաձորում և Իջևանում։ Եվ մեր գործիքակազմի շնորհիվ մենք աշխատում ենք հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Սահմանամերձ գոտում մեր ներկայությամբ նպաստում ենք առաջնագծում լարվածության նվազեցմանը և քաղաքացիական բնակչության պաշտպանվածության զգացողության բարձրացմանը: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս հակամարտության վրա և մեր զեկույցներով նպաստում ԵՄ ջանքերին ՝ աջակցելու հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացին", - նշել է նա։ Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ իրենց գործունեությունը լրացնում է ԵՄ քաղաքական ջանքերն այս գործընթացում:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Ռիտերը նաև հայտարարել է, որ այս պահին առաքելության կազմում կան 23 անդամ երկրների ներկայացուցիչներ, սակայն հավանականություն կա, որ կլինեն ներկայացուցիչներ նաև բոլոր 27 անդամ երկրներից: Նա հավելել է, որ Եվրամիության առաքելությանը միացել է նաև Կանադան, իսկ ընդլայնման հարցը կքննարկվի մինչև տարեվերջ՝ Բրյուսելում:
Հարցին, թե այս պահին ինչ իրավիճակ է սահմանին, Ռիտերը պատասխանել է. "Այս պահին իրավիճակը խաղաղ է, լարվածություն չկա":