Արմինֆո. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյի, Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Վինչենցո Սոֆոյի և Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում Ֆրանսիական "Reconquete" կուսակցության ցուցակը գլխավորող Մարիոն Մարեշալի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Մարիոն Մարեշալը՝ կարևորելով Արցախի նախագահի հետ հանդիպումը: "Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ցանկանում է բնաջնջել հայերին և ոչնչացնել քրիստոնեության հետքերը", - նշել է նա:
Պատգամավորը հաղորդել է նաև ՀՀ այցի շրջանակում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության, ինչպես նաև Մասիսում արցախցի փախստականների հետ հանդիպման մասին: