Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Սուրեն Պապիկյանն ու Զաքիր Հասանովը Չինաստանում մասնակցել են Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը նախարարի այցի օրակարգի մանրամասները չի ներկայացրել՝ տեղեկացնելով միայն համաժողով այցելելու փաստի մասին:
Մինչդեռ, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել է, որ այցի շրջանակում նախատեսված է Հասանովի հանդիպումը Չինաստանի ռազմական ղեկավարության հետ, ինչպես նաև այցելություն այդ երկրի պաշտպանական-արդյունաբերական համալիրի մի քանի ընկերություններ:
Առաջիկա հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Չինաստանի ռազմական գիտությունների ասոցիացիայի և Չինաստանի միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպվող Սյանշանի համաժողովը բարձր մակարդակի միջազգային հեղինակավոր միջոցառում է, որն անցկացվում է Չինաստանում՝ 2006 թվականից: