Արմինֆո. Հունգարիան ցանկանում է Երևանում երկրի հյուպատոսություն բացել։ Այդ մասին հոկտեմբերի 27-ին Երեւանում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Պետեր Սիյարտոն՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
"Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը խնդրել եմ համաձայնություն տալ Երևանում Հունգարիայի հյուպատոսություն բացելու համար", - ասել է նա:
Սիյարտոն հավելել է, որ Wizz Air-ին կառաջարկվի ավելացնել Երեւան-Բուդապեշտ չվերթը ՝ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ ֆիզիկական ուղիղ կապ ապահովելու համար:
Հիշեցնենք, որ սա հունգարացի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Երևան՝ 2012 թվականի աշնանից հետո, երբ Հայաստանը միակողմանիորեն սառեցրեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ: Այն ժամանակ Հունգարիան Ադրբեջանին էր հանձնել մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որը 2004 թվականին ՆԱՏՕ-ի ուսումնամարզական ճամբարում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Հարաբերությունները սկսեցին կարգավորվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ։ Մասնավորապես, 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն լիարժեք դիվանագիտական հարաբերությունների վերականգնման շուրջ ։