Արմինֆո.Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն այսօր հանդիպում է իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ՝ զենքի ձեռք բերումը ձեւակերպելու նպատաակով, որը նրան թույլ կտա պաշտպանել իր քաղաքացիական բնակչությանը և ապահովել իր սահմանների պաշտպանությունը: Այդ մասին ասվում է X սոցիալական ցանցում Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիան "մի շարք սպառազինություններ" կմատակարարի Հայաստանին, այդ թվում ՝ հակաօդային պաշտպանության համակարգեր: Այս մասին հայտարարել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն՝ Le Parisien-ի հետ հարցազրույցում։ Լեկորնյուի խոսքով, Ֆրանսիան կօգնի Հայաստանին "պաշտպանել իր քաղաքացիական բնակչությանը եւ ապահովել իր սահմանների պաշտպանությունը": Նախարարն ընդգծել էր, որ Հայաստանը "մի շարք սպառազինություններ ձեռք կբերի ֆրանսիացի արդյունաբերողներից", մասնավորապես, երկինքը պաշտպանելու համար:
Պայմանագրի ստորագրումը պետք է տեղի ունենա այսօր՝ երկուշաբթի, հոկտեմբերի 23-ին, հաղորդում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը: Նախօրեին պաշտոնական այցով Ֆրանսիա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Սեպտեմբերին Լեկորնյուն խոսել էր այն մասին, որ Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում։ Նա ընդգծել էր, որ նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ է հետևում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և Ֆրանսիայի համար կարևոր է համարում այդ երկրի բնակչության ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու պաշտպանությունը:
Ինչպես կարծում են վերլուծաբանները, Հայաստանն ստիպված է եղել դիմել Ֆրանսիային ռազմատեխնիկական համագործակցության համար, քանի որ երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը հրաժարվել է կատարել սպառազինության մատակարարման պարտավորությունները: Դեռ մայիսին պաշտոնական Երևանը հայտարարել էր ռուսական կողմի մատակարարումների ձաախողման մասին։ Այն ժամանակ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հաղորդել էր, որ Երեւանը Ռուսաստանից չի ստացել պատվիրված զենքը, որի համար արդեն վճարել է, եւ ՌԴ-ը հրաժարվել է վերադարձնել վճարված 400 մլն դոլարը: Մոսկվան հայտարարել է, որ զենքի մատակարարման պայմանագրերը դեռեւս չեն խզվել: