Արմինֆո.Եվրամիությունը շարունակում է մտահոգությամբ հետևել սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունից և Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի իննամսյա շրջափակումից հետո Ղարաբաղի հայերի զանգվածային արտագաղթի արդյունքում ստեղծված ծայրահեղ բարդ իրավիճակին: Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնակչությունը, իսկ դա ավելի քան 100,6 հազար մարդ է, ապաստան է գտել Հայաստանում։ Այդ մասին ասվում է Նախարարների կոմիտեի նիստի արդյունքում ընդունված ԵՄ հայտարարությունում։
Միևնույն ժամանակ, հայտարարության մեջ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղում դեռևս մնացող և կարիքի մեջ գտնվողներին, ինչպես նաև հեռացածներին մշտական անխոչընդոտ մարդասիրական աջակցության ապահովման ծայրահեղ կարևորությունը:
Այդ առնչությամբ հիշեցվում է, որ Եվրահանձնաժողովն անցյալ շաբաթ հայտարարել է 10,45 միլիոն եվրոյի չափով մարդասիրական օգնության լրացուցիչ փաթեթի մասին՝ ի լրումն 2020 թվականից ի վեր արդեն տրամադրված 20,8 միլիոն եվրոյի:
"Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատություններն ու անվտանգությունը, ներառյալ՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու նրանց իրավունքը՝ առանց ահաբեկման և խտրականության։ Ադրբեջանը նաև պետք է պայմաններ ստեղծի փախստականների և տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար ՝ նրանց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով: Բացի այդ, անհրաժեշտ է արդյունավետորեն պաշտպանել և երաշխավորել տեղի բնակչության մշակութային ժառանգությունն ու սեփականության իրավունքները", - ընդգծվում է հայտարարության մեջ։
Այս համատեքստում հիշեցվում է, որ Ադրբեջանը պետք է հետևի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սեպտեմբերի 22-ին սահմանված միջանկյալ միջոցներին: Այն է՝ զերծ մնալ ցանկացած միջոցներ ձեռնարկելուց, որոնք կարող են հանգեցնել կոնվենցիայով իրենց ստանձնած պարտավորությունների խախտմանը, մասնավորապես՝ 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի արգելում):
"Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի նախագահ Ալիևի հրապարակային հայտարարությունները ղարաբաղցի հայերի հետ խաղաղ ապրելու և նրանց իրավունքները պաշտպանելու պատրաստակամության մասին։ Ադրբեջանն ակնհայտ գլխավոր պատասխանատվություն է կրում բնակչության ճակատագրի համար։ Պետք է տրամադրվեն նյութական, կոնկրետ և թափանցիկ երաշխիքներ։ Որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց՝ մենք ակնկալում ենք համապարփակ համաներում բոլոր ղարաբաղցի հայերի համար, ներառյալ նրանց ներկայացուցիչների, և բոլոր կողմերի ձեռնպահ մնալը կոշտ հռետորաբանությունից", - ասվում է հայտարարության մեջ։
Դրա հետ մեկտեղ, ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղ միջազգային հասանելիությունը վճռորոշ նշանակություն ունի, երբ խոսքը վերաբերում է անհրաժեշտ օգնության ցուցաբերմանը եւ տեղերում իրավիճակի անկախ մոնիթորինգի ապահովմանը:
"Եվրոպական միությունն ի գիտություն է ընդունել ՄԱԿ-ի վերջին երկու այցերը։ Մենք բարձր ենք գնահատում գլխավոր քարտուղարի միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցչի աշխատանքը, ով աջակցություն և օգնություն է ցուցաբերում Հայաստանի իշխանություններին՝ իր տարածքում այս զանգվածային արտագաղթի դեմ պայքարում, և անհամբերությամբ սպասում ենք Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելությանը՝ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի ղեկավարությամբ, և նրա հետագա հանձնարարականներին:
ԵՄ-ը վերահաստատում է իր աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանը, սահմանների անխախտելիությանն ու տարածքային ամբողջականությանը: Կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր անվերապահ հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ համաձայն 1991թ.Ալմա-Աթայի հռչակագրի:
ԵՄ-ը նախկինի պես հանձնառու է երկու կողմերի միջև երկխոսության խթանմանը՝ համապարփակ և կայուն խաղաղություն ապահովելու նպատակով՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության", - ասվում է հայտարարության մեջ։
ԵՄ-ի այս հայտարարությանը միացել են Ալբանիան, Անդորրան, Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Սան Մարինոն: