Արմինֆո.Անազատության մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահկաշվիլին դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրան մի շարք խորհուրդներ տվել: Ուղերձը հրապարակել է Twitter-ի իր էջում։
"Ես առաջին անգամ եմ դիմում Ձեզ և դա անում եմ հրապարակայնորեն, քանի որ ինձ շատ է հուզում մեր տարածաշրջանի և Հայաստանի ճակատագիրը։ Հիմնվելով Ռուսաստանի և Պուտինի հետ շփման իմ փորձի վրա, որը վերջերս ԱՊՀ գագաթնաժողովում ինձ, գործնականում, մեղադրեց այդ կազմակերպության փլուզման համար, թույլ կտամ Ձեզ մի քանի խորհուրդ տալ:
Դուք իշխանության եք եկել ժողովրդական ելույթների, այսինքն, Պուտինի տերմինաբանությամբ, գունավոր հեղափոխության արդյունքում, և հավատացեք ինձ, որքան էլ Դուք նրան հաճոյանաք, հավատարմության երդում տաք, նա երբեք Ձեզ չէր ների և չի ների։ Առավել եւս, Ձեր վերջին հայտարարություններից, քաղաքական քայլերից և, հատկապես, Հռոմի ստատուտի վավերացումից հետո, նա Ձեր արյան թշնամին է և Ձեզ տապալելու է իր ձեռքին եղած բոլոր հնարավորություններով՝ ներքին անկարգություններով, ռազմական գործողությունների խրախուսմամբ: Կխեղդի Ձեզ տնտեսապես և կկիրառի հիբրիդային պատերազմի ողջ զինանոցը:
Դուք պետք է հիշեք, որ շատ քիչ ժամանակ ունեք ։ Իշխանության գալուց հետո Դուք չկարողացաք կամ չիրականացրեցիք հիմնարար բարեփոխումներ, և այսպես, ձեր ներկայիս պետական ապարատը իսկապես Կրեմլի հինգերորդ շարասյուն է։ Դուք ուշացել եք եվրոպական ինտեգրումից։
Որքան էլ բարդ լինի Ձեզ համար, բայց Հայաստանի շուրջ վերջին իրադարձությունները մեր տարածաշրջանին նոր շանս են տալիս։ Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել՝ ինչպես բալթյան երեք երկրները ՝ բաց սահմաններով, ստեղծել լոգիստիկ, ֆինանսական, էներգետիկ հանգույցների մի ողջ համակարգ ՝ օգտվելով մեր եռյակից յուրաքանչյուրի առավելություններից։ Բայց դրա համար Դուք պետք է շտապեք և մի կողմ դրեք ցանկացած տատանում, գնաք վա-բանկ. պահանջել անհապաղ դուրս բերել ռուսական ռազմակայանը, դուրս գալ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, Մաքսային միությունից և հայտ ներկայացնել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին:
2013 թվականին մենք Երեւան ժամանեցինք Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոյի հետ ՝ ապարդյուն փորձելով համոզել ձեր նախորդին չանդամակցել այդ կազմակերպություններից մի քանիսին՝ Մոսկվայի հովանու ներքո։
Եվ, վերջապես, Դուք պետք է բացահայտ հայտարարեք և անհապաղ խաղաղության պայմանագիր ստորագրեք Ադրբեջանի հետ և այդպիսով ճանապարհ բացեք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հիմնարար փոփոխությունների համար:
Դուք անձնական խիզախություն և քաղաքական խիզախություն փոխառելու կարիք չունեք, և, հուսով եմ, որ թույլ չեք տա Պուտինին ոչնչացնել Ձեզ և,մմիեւնույն ժամանակ, կործանել ձեր երկիրը և վերջնականապես խարխլել մեր տարածաշրջանը:
Մեր բոլորիս գլխին կախված վտանգը շատ իրական է և պահանջում է անհապաղ գործողություններ։ Հուսով եմ՝ այս անգամ Դուք չեք հապաղի: Հաջողություն ձեզ և հայ ժողովրդին":