Արմինֆո.Իսրայելի կողմից ռմբակոծված բապտիստական հիվանդանոցը գտնվում է Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանին պատկանող տարածքում, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Մինչդեռ, Գազայի հատվածի Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, հիվանդանոցին օդային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 800-ի: Նշվում է, որ հիվանդանոցում եղել են միայն քաղաքացիական անձինք՝ հիվանդներ, բժիշկներ և հիվանդներին խնամող, ինչպես նաև տեղահանված անձինք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խստորեն դատապարտել է Իսրայելի հարձակումը Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ Ահլի Արաբ հիվանդանոցի վրա: "Հիվանդանոցը Գազայի հատվածի հյուսիսում գտնվող 20 հիվանդանոցներից մեկն էր, որոնց իսրայելցի զինվորականները տարհանման հրաման էին տվել, որը հնարավոր չի եղել կատարել՝ հաշվի առնելով ներկայիս անապահով իրավիճակը, շատ հիվանդների ծայրահեղ ծանր վիճակը և շտապ օգնության մեքենաների, անձնակազմի, առողջապահական համակարգի մահճակալային ֆոնդի և տեղահանվածների համար այլընտրանքային բնակարանների պակասը", - ասվում է ԱՀԿ հայտարարությունում:
ԱՀԿ-ն կոչ է արել անհապաղ ակտիվ պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և ցուցաբերել բժշկական օգնություն: "Տարհանման հրամանները պետք է չեղարկվեն։ Անհրաժեշտ է պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը, ինչը նշանակում է, որ առողջապահությունը պետք է ակտիվորեն պաշտպանված լինի եւ երբեք չպետք է հարձակումների թիրախ դառնա", - հայտարարել է ԱՀԿ-ը։
Իսրայելական կողմը, իր հերթին, վստահեցնում է, որ հիվանդանոցին չի հարվածել: "ՑԱԽԱԼ-ի օպերատիվ համակարգերի վերլուծությունը ցույց է տվել, որ միջադեպի պահին Իսրայելի ուղղությամբ ահաբեկիչների կողմից հրթիռի անհաջող արձակում է իրականացվել հիվանդանոցի շրջանից։ Անհաջող արձակումն էլ դարձել է պայթյունի աղբյուր հիվանդանոցում: Ըստ հետախուզական տեղեկատվության, որը ստացվել է ՑԱԽԱԼ - ի մի շարք աղբյուրներից, հիվանդանոցում տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը կրում Է Իսլամական ջիհադը", - հավաստիացրել են Իսրայելի պաշտպանական գերատեսչությունում: