Արմինֆո. Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է Vatican news-ը, հոկտեմբերի 15-ին Angelus աղոթքն ընթերցելուց հետո Սրբազան հայրը խաղաղության կոչ է հղել Իսրայելում, Պաղեստինում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում:
"Պակաս չէ իմ մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի առնչությամբ։ Փախստականների հետ կապված հումանիտար իրավիճակից բացի, որն առանց այդ էլ շատ բարդ է, ես կցանկանայի տարածաշրջանում վանքերի և պաշտամունքային կառույցների պաշտպանության հատուկ կոչով դիմել:
Ես հույս ունեմ, որ սկսած իշխանություններից և բոլոր բնակիչներից, դրանք կպահպանվեն և կպաշտպանվեն՝ որպես տեղական մշակույթի մաս, որպես հավատքի արտահայտություն և եղբայրության նշան, որը թույլ է տալիս միասին ապրել տարբերությունների պայմաններում", - ասել է պապը:
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո Արցախն ընկավ։ Ողջ բնիկ հայ բնակչությունը ստիպված էր փախչել իրենց տներից Հայաստան՝ էթնիկ զտումների սպառնալիքի ֆոնին։ Թշնամական ագրեսիան տեղի է ունեցել ողջ քաղաքակիրթ միջազգային հանրության անգործության ֆոնին։ Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բռնազավթված Ստեփանակերտում բարձրացրել է ադրբեջանական դրոշ։