Արմինֆո. Եթե խոսքը Ռուսաստանի քաղաքացիների մասին չէ, իսկ տվյալ դեպքում խոսքը Լեռնային Ղարաբաղի հետ կապված տարածքի բնակիչների մասին է, ապա այդ հարցն ավելի լավ է ուղղել Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին։ Այդ մասին հոկտեմբերի 10-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի քաղաքացիների ճակատագրի վերաբերյալ հարցին։
"Մենք ելնում ենք այն բանից, որ ցանկացած իրավիճակում պահվող անձանց նկատմամբ պետք է կիրառվեն մարդասիրական իրավունքի նորմեր։ Մեր հերթին՝ բազմիցս երկկողմ և եռակողմ ձևաչափով գործընկերներին կոչ ենք արել ավարտին հասցնել գերիների փոխանակման գործընթացը՝ "բոլորին՝ բոլորի դիմաց" սկզբունքով։ Հիմա դրա համար, իմ կարծիքով, շատ լավ պայմաններ են հասունացել։ Ակնկալում ենք, որ այդ հարցը հաջողությամբ կլուծվի", - նշել է նա։
Նշենք, որ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Արցախի ԶՈՒ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանի, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի (2007-2020 թթ.), Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի (1997-2007 թթ.), Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Հանրապետության նախկին նախագահ (2020-2023 թթ.) Արայիկ Հարությունյանի գերեվարման փաստը: Բացի այդ, դեռևս 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ են գտնվում մի քանի հարյուր հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք ։