Արմինֆո. Հայաստանն ակնկալում է Ադրբեջանի ներխուժում "մի քանի շաբաթվա ընթացքում": Այս մասին հայտարարել է ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը՝ Brussels Signal-ի հետ հարցազրույցում։
"Լեռնային Ղարաբաղի կապիտուլացումից հետո Ադրբեջանը կհարձակվի հենց Հայաստանի վրա", - կարծում է Տիգրան Բալայանը, հավելելով, որ միջազգային իրավունքը հարգելու Ադրբեջանի խոստումները սին են:
"Մենք հիմա գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական վտանգի տակ", - ասել է նա:
"Գլխավոր խնդիրն այն էր, որ նախագահ Իլհամ Ալիևը մինչ օրս չի բախվել իր ծավալապաշտական ծրագրերի որևէ կոնկրետ հետևանքի: Այն բանից հետո, ինչն Ադրբեջանն անվանեց "հակաահաբեկչական գործողություն", կապիտուլյացիայի ենթարկվեց Լեռնային Ղարաբաղը, և դրան հաջորդեց այնտեղ բնակվող ավելի քան 100 000 հայերի զանգվածային արտագաղթը: Այժմ Հայաստանը պնդում է, որ նախագահ Ալիևը մտադիր է ավելիին հասնել ։ Մասնավորապես, խոսքը "Զանգեզուրի միջանցքի" մասին է, որը բուն Ադրբեջանը բաժանում է Նախիջևանից",- նշում է ԶԼՄ։
Ընդ որում, Բալայանը բլեֆ է համարել Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը Brussels Signal-ին, թե իր երկիրը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի հետ կապված որևէ ծրագիր չունի: Նա մեջբերել Է նախագահ Ալիևի նախորդ հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը "հետապնդելու է հայերին՝ ինչպես շների":
"Reuters գործակալությունը նաեւ հաղորդում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, թե Զանգեզուրը "պատմական ադրբեջանական հող է", - նշում է լրատվամիջոցը:
Բալայանի կարծիքով ՝ ԵՄ-ը պետք է վերջնաժամկետ տա Ալիևին՝ իր բանակը Հայաստանի սահմանամերձ շրջանից դուրս բերելու համար, և կասեցնի ԵՄ-ի հետ Ադրբեջանի առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրի գործողությունը, եթե նա չկատարի այն: Նա նաև ասել է, որ "անհատական պատժամիջոցները կարող են հստակ ազդակ հղել":