Արմինֆո. Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: Այդ մասին սոցցանցում հաղորդել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անի Բադալյանը:
«ՀՀ ԱԳՆ, Իսրայելում դեսպանության միջոցով, մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Ըստ անհրաժեշտության, կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն», - գրել է Բադալյանը:
Այսօր առավոտյան պաղեստինյան ՀԱՄԱՍ իսլամիստական շարժումը ռազմական գործողություն է սկսել Իսրայելի դեմ, որը ստացել է "Ալ-Աքսա մրրիկ" անվանումը: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, շարժման ռազմական թևի ղեկավար Մուհամեդ ադ-Դեյֆի պնդմամբ ՝ առավոտից իսրայելական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 5 հազար հրթիռ և արկ: ՀԱՄԱՍ-ն իսրայելական կողմին մեղադրում է օկուպացման և Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթ բազմիցս ներխուժման համար: Նշվում է, որ իսրայելական բանակի տվյալներով, զինյալներն Իսրայելի տարածք են ներթափանցել սահմանամերձ շրջաններում: Բախումների ընթացքում կորել է երկրի հարավային մասում գտնվող Սդերոտ քաղաքի ոստիկանական բաժանմունքի նկատմամբ պետության վերահսկողությունը, գրում Է Al Jazeera-ն: Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում "հակաահաբեկչական" գործողության մեկնարկի մասին, տասնյակ կործանիչներ հարվածներ են հասցնում ՀԱՄԱՍ խմբավորմանը պատկանող օբյեկտներին, ասվում է երկրի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) հաղորդագրության մեջ: