Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Գրանադայում քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը: Այդ մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում: <Ժոզեպ Բորելի հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին և դրա հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր: Ինչպես և բոլոր այլ փոխգործակցություններում, հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և այն պայմանների վրա, որոնք ստիպեցին հայերին լքել Լեռնային Ղարաբաղը: Քննարկել ենք ընդհանուր իրավիճակը տարածաշրջանում", - նշել է նա։
Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ը ներկայացրել է հանդիպման մանրամասները։ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ վերջինիս քաղաքական և հումանիտար բաղադրիչները։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից մի ամբողջ ժողովրդի հայրենի բնօրրանից զրկելու փաստը և շարունակաբար ուժի կիրառման դիմելու գործելաոճը պետք է աներկաբորեն արժանանա միջազգային հստակ արձագանքի։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ընդհանուր անվտանգային իրադրությանը՝ վերահաստատելով Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ որևէ նկրտումների զսպման անհրաժեշտությունը։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր։