Արմինֆո. Ադրբեջանն աջակցում է Եվրոպական միության, Ադրբեջանի և Հայաստանի ձևաչափով բրյուսելյան եռակողմ գործընթացին՝ Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, և խաղաղության տարածաշրջանային օրակարգին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը:
Այս առումով նա հավաստիացրել է, որ" Ադրբեջանը բազմաթիվ խաղաղ նախաձեռնությունների հեղինակ է, ներառյալ խաղաղության պայմանագիրը", ճիշտ է, չի հստակեցրել, թե որոնք: Այնուհետև Հաջիևը Ֆրանսիային մեղադրել է "կողմնակալության և ռազմատենչ քաղաքականություն վարելու" համար, որն, իբր, վնասում է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, վտանգում ԵՄ քաղաքականությունը Հարավային Կովկասում:
Այնուհետև նա, այնուամենայնիվ, խոստովանել է, որ Ալիևը չի մեկնել Գրանադա, քանի որ Թուրքիային հնարավորություն չի տրվել մասնակցել հինգի ձևաչափին (Ադրբեջան, Հայաստան, Եվրամիություն, Ֆրանսիա և Գերմանիա): "Մենք կողմ էինք նաև նման ձևաչափով հանդիպմանը Իսպանիայի մասնակցելուն՝ որպես հյուրընկալող կողմ։ Սխալ է դա ներկայացնել որպես Ադրբեջանի հրաժարում Հայաստանի հետ շփումներից կամ բանակցություններից, ինչը անում են որոշ միջազգային մեդիա ռեսուրսներ ։ Ադրբեջանը պատրաստ է առաջիկայում Բրյուսելում եռակողմ հանդիպումներ ունենալ Եվրամիության, Ադրբեջանի և Հայաստանի ձևաչափերով: Ադրբեջանական կողմը նաև աջակցում է ուղիղ և երկկողմ երկխոսությանն ու բանակցություններին խաղաղության պայմանագրի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ", - նշել է նա։