Արմինֆո.Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հաշվառում վարող Գորիսի և Վայքի կայանների տվյալների համաձայն՝ 72 հազար մարդ գրանցվել է հանրապետության մարզերում, որոնց գերակշիռ մասը բնակություն է հաստատել Կոտայքի և Արարատի մարզերում:Այդ մասին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ կառավարության ժամի ընթացքում պատասխանելով խորհրդարանականների հարցերին:
Մասնավորապես, նա տեղեկացրել է, որ Կոտայքում այսօր բնակվում է Արցախից շուրջ 20 հազար փախստական, իսկ Արարատում ՝ 17 հազար։ Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է նախարարը, պետությունը կարողացել է տանիք ապահովել մեր մոտ 52 հազար հայրենակիցների համար։ <Մեր առջև դրված առաջնային խնդիրն այն է, որ փողոցում ոչ ոք չմնա: Եվ թվում է, թե դա մեզ հաջողվել է ։ Բայց գործընթացը շարունակվում է, մենք դիմումներ ենք ստանում բնակության վայրի փոփոխության խնդրանքով>,- ասել է
Սանոսյանը:
Նա նաև հաղորդել է, որ կառավարությունը մարզպետարաններին գումար է հատկացրել Արցախի քաղաքացիների կարիքները հոգալու համար, սակայն կոնկրետ գումարներ չի նշել:
Նշենք, որ կառավարության տվյալներով, ընդհանուր առմամբ, ադրբեջանական էթնիկ զտումների քաղաքականության պատճառով Արցախից Հայաստան է մուտք գործել 100 625 մարդ, որոնց 95 տոկոսն արդեն գրանցվել է: Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների թվում 29 հազարը երեխաներ են։