Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում լակոնիկ են արձագանքել ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում շրջանառվող այն լուրերին, թե Երևանը մտադիր է հաշիվ ներկայացնել Մոսկվային Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի գտնվելու դիմաց:
Նշենք, որ անցած շաբաթ, հատկապես, սոցիալական ցանցերի ռուսական հատվածում տեղեկություններ էին շրջանառվում, թե, իբր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաշիվ է ներկայացնելու Ռուսաստանին՝ Գյումրիում ռազմակայանի գտվնելու համար, և, նույնիսկ, ուղիղ մեջբերումներ էին արվում ՀՀ վարչապետի խոսքերից. «Առաջիկայում մենք հաշիվ կուղարկենք Ռուսաստանի ԱԳՆ՝ մեր երկրում զորքերի տեղակայման դիմաց վճարելու համար"։
Հաշվի առնելով այս թեմայի զգայունությունն ու ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի գտնվելու պայմանների մասին պաշտոնական պայմանագրի առկայությունը, ԱրմԻնֆո-ն հարցում է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ ' խնդրելով հաստատել կամ հերքել այդ պնդումները:
Այսօր Արմինֆո-ին տրամադրված պաշտոնական պատասխանում ասվում է. "Ի պատասխան Ձեր հարցմանը՝ հայտնում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նման հայտարարություն չի արվել":
Ռուսական 102-րդ ռազմակայանը Հայաստանում տեղակայված է Մոսկվայի և Երևանի միջև 1995թ. կնքված միջպետական պայմանագրի համաձայն: Ռազմակայանի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակներում: ՌԴ-ն և Հայաստանը 2010թ. օգոստոսի 20-ին երկարաձգել են ռազմակայանի տեղակայման շուրջ պայմանագրի գործողության ժամկետը՝ մինչև 2044թ.: Արձանագրությունը նախատեսում է նաև դրա աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտի ընդլայնում ։ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի օդային բաղադրիչը Երևանում տեղակայված "Էրեբունի" ավիաբազան է, որի անձնակազմը հակաօդային պաշտպանության մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ պետությունների ՀՕՊ միացյալ համակարգում: