Արմինֆո.Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ի լիագումար նիստում վավերացրել է ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը:
Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել է 60 պատգամավոր, «դեմ»՝ 22-ը։
Քվեարկությունից առաջ "Պատիվ ունեմ" դաշինքի պատգամավոր, ՀՀԿ ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը նշել է, որ ՀՀԿ-ն երկու անգամ հանդես է եկել հայտարարություններով այն մասին, որ խորհրդարանում ստատուտի քննարկումն իսկը հակասում է Սահմանադրության պահանջներին: Բացի այդ, ստատուտի վավերացումը ոչ մի օգուտ չի բերի երկրին, հատկապես, հաշվի առնելով, որ ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանն այն չեն ստորագրել: Նույնիսկ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ Ռուսաստանը, ԱՄՆ-ը Չինաստանը կամ չեն վավերացրել, կամ, ընդհանրապես, չեն ստորագրել Հռոմի ստատուտը։ "Ոչ մի օգուտ Հայաստանն այս փաստաթղթից չի ստանա, էլ չխոսենք բազմաթիվ վտանգների մասին", - հայտարարել է պատգամավորը:
Դեմ քվեարկելու իր մտադրության մասին հայտարարել է նաև "Հայաստան" խմբակցությունը, որի քարտուղար Արծվիկ Մինասյանը ևս մատնանշել է ներկայացված փաստաթղթի հակասահմանադրականությունը:
Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն, իր հերթին, ընդգծել է, որ այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, հանցագործություն է մարդկության դեմ: Այդ ոճրագործության և Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում հայրենակիցների մի զգալի խումբ հայտնվել է Հայաստանի ինքնիշխան հատվածում: «Իսկ դա հիմք է տալիս հարցը բարձրացնել ՄՔԴ-ում։ Կուզենայի այս առնչությամբ տեսնել, թե ինչպես են քվեարկելու ընդդիմության մեր գործընկերները", - ընդգծել Է Վարդանյանը։
Նշենք, որ այսօր, ընդամենը կես օրվա ընթացքում, ՀՀ ԱԺ-ն սպառել է նիստերի օրակարգը՝ կողմ քվեարկելով ներկայացված բոլոր օրինագծերին: