Արմինֆո.Սեպտեմբերի 30-ին Երևանում կանցկացվի խաղաղ երթ՝ ի աջակցություն Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի: Այդ մասին հաղորդել է "Մատենա լիդերություն" մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:
Երթը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին, ժամը 15: 00-ին Մատենադարանի մոտից:
"Հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի հեղինակությունը և դեպքի միջազգային հնչեղությունը՝ սա առիթ է՝ նորից բարձրաձայնելու և պահանջելու առևանգված ու գերեվարված մեր բոլոր հայրենակիցների վերադարձը: Խնդրում եմ մի կողմ թողնել բոլոր տեսակի քաղաքական, կիսաքաղաքական քայքայող թեմաները և միանալ աջակցության խաղաղ երթին", – գրել է Ռուբեն Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել էր Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից՝ Լաչինի միջանցքի անցակետն անցնելիս ։ Ավելի ուշ դատարանը Վարդանյանին կալանավորել է 4 ամիս ժամկետով ՝ նրան մեղադրելով «ահաբեկչության ֆինանսավորման» համար։ Նրան սպառնում է 14 տարվա ազատազրկում։