Արմինֆո. Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ոչնչացնել Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը:
Caucasus Heritage Watch-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ ադրբեջանցի երկու զինվորականներ իրենց ինքնաձիգներով կրակում են 13-րդ դարի Չարեքթար վանքի վրա։ Վանքի վրա կրակում են նաև զրահամեքենայից։
"Twitter-ում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի երկու զինվորներ կրակում 13-րդ դարի Չարեքթար վանքի վրա ։ Նման հարձակումները հայկական մշակութային ժառանգության նկատմամբ միջազգային դատարանի ժամանակավոր միջոցի ուղղակի խախտում են եւ պետք է հետաքննվեն, կրակողները պետք է պատասխանատվության ենթարկվեն", - ասված է կազմակերպության հաղորդագրությունում:
Նշենք, որ սա թշնամական ուժերի կողմից հայկական մշակութային-հոգևոր ժառանգության ոչնչացման առաջին դեպքը չէ ։ Սակայն միջազգային հանրությունը լուռ հետևում է, թե ինչպես է Ադրբեջանը ջնջում հայկական ցանկացած ներկայություն Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ՝ երբեմն միայն հայտարարություններ անելով մտահոգությունների մասին ։