Արմինֆո. Ազգային կոմիտեի այսօրվա հանրահավաքը հետաձգվում է:
«Սիրելի հայրենակիցներ, շարունակվում է կեցության նվազագույն պայմանների կարիք ունենեցող բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր հայրենակիցների հոսքը Հայաստանի Հանրապետություն։ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով հարյուրավոր արցախահայերի աճյունները տեղափոխվում են մայր հայրենիք: Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն իր աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին։
Նկատի առնելով նշվածը՝ այսօր` ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է: Հանրահավաքի օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Ազգային կոմիտեն վերահաստատում է իր համոզմունքն ու վճռականությունը. համազգային այս ողբերգության մեղսակից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացվելու է, երկրում ձևավորվելու է ժողովրդի և պետության անվտանգությունը ապահովող ազգային իշխանություն», - ասվում է Ազգային կոմիտեի տարածած հայտարարությունում: