Արմինֆո. Կրեմլում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակագրությունը համարում են երկու երկրների երկխոսության և փոխգործակցության մաս: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Նամակը սեպտեմբերի 25-ին փոխանցել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը, ով այցով գտնվում է Երևանում:
"ԱՄՆ-ը և Հայաստանն ինքնիշխան երկրներ են։ Նրանք ունեն իրենց ուղղությունները, որոնցով զարգացնում են փոխգործակցությունն ու երկխոսությունը։ Իսկ մենք (Ռուսաստանը) զարգացնում ենք համագործակցությունը Հայաստանի հետ՝ մեր ուղղություններով ։ Հազիվ թե [ԱՄՆ-ի եւ Հայաստանի] համագործակցությունը էներգետիկայի ոլորտում եւ այլն կարող է համադրելի լինել ինտեգրման այն խորության հետ, որն ունի Հայաստանը Ռուսաստանի տնտեսության հետ։ Դժվար թե դա համադրելի լինի Հայաստանի տնտեսության անուղղակի սուբսիդավորման հետ [ՌԴ-ի կողմից] ։ Եկեք չմոռանանք, որ տարբեր բնական ռեսուրսների արտոնյալ մատակարարումները, օգնությունը, որը ցուցաբերում է Ռուսաստանը, շատ էական ներդրում են հանրապետության զարգացման գործում և օգնություն՝ հայ ժողովրդին", - նշել Է Պեսկովը։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Հայաստանին։ "Դրանք ոչ թե բանավոր ինտերվենցիաներ են, այլ դե ֆակտո ներգրավվածություն կարգավորման գործընթացում։ Դուք գիտեք, թե ինչ դեր են խաղում մեր խաղաղապահները՝ իրենց մանդատի համաձայն", - ասել է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդում է URA.RU-ն:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի և ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հանդիպմանը՝ Պեսկովը նշել է, որ դա պլանային այց էր: "Նախարարն իր այցերն իրականացնում է միջազգային շփումների ժամանակացույցով։ Դա պլանավորված այց է։ Միանգամայն նորմալ է, որ այն կայացել է, և նորմալ է, որ պլանային այցն իրականացնելով ՝ ներքին գործերի նախարարն արդիական ընթացիկ հարցեր է շոշափում", - հայտարարել Է Դմիտրի Պեսկովը։
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Կոլոկոլցևը հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից: Մինչդեռ, ՀՀ կառավարության մամլո հաղորդագրության մեջ միայն տեղեկացվում էր հանդիպման և երկկողմ համագործակցության օրակարգի քննարկման փաստի մասին: