Արմինֆո.Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է Արցախի ժողովրդի ցեղասպանությանը մեղսակցության համար։
Twitter-ի իր միկրոբլոգում տարածելով ԱրմԻնֆո-ի նյութն այն մասին, որ Ջո Բայդենը նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և աջակցություն խոստացել Արցախում հումանիտար հետևանքների հաղթահարման գործում, ANCA-ն Բայդենին մեղադրել է ցեղասպանությանը մեղսակցության համար:
"Նախագահ Ջո Բայդենը, ով զինել է ցեղասպանություն իրականացրած Ադրբեջանին, լքել է վտանգի մեջ գտնվող հայերին։ Եվ այսօր, մասնակցելով Արցախի էթնիկ զտմանը, բացարձակ անսիրտ ցավակցական բացիկ է ուղարկում հայերին, որոնք դեռ թաղում են իրենց մահացածներին", - նշել են ANCA-ում։
Նշենք, որ Երեւան ժամանած ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությունը երեկ բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետի հետ: Փաուերը Փաշինյանին է փոխանցել նաև Բայդենի նամակը, որում, կառավարության հաղորդագրության համաձայն, մասնավորապես, ասվում է. «Հարգելի պարոն վարչապետ, Ձեզ և Հայաստանի ժողովրդին հղում եմ իմ լավագույն մաղթանքներն Անկախության տոնի առթիվ։ Այս տարի, երբ նշում ենք այս վեհ առիթը, մենք նաև սգում եք Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի մահը։ Ես խնդրել եմ Սամանթա Փաուերին՝ իմ կաբինետի կարևորագույն անդամներից մեկին, անձամբ Ձեզ փոխանցել Միացյալ Նահանգների և իմ վարչակազմի ուժեղ աջակցությունը Հայաստանի ձգտմանը դեպի արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղություն, որը կերաշխավորի ձեր սուվերենությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը։ Հայաստանը ցույց է տվել իր հավատարմությունն այդ նպատակին՝ ներգրավվելով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում, ինչպես նաև իրականացնելով կարևոր տնտեսական բարեփոխումներ, բարելավելով կառավարության հաշվետվողականությունը և ամրապնդելով ժողովրդավարական ինստիտուտները: Վստահեցնում եմ ձեզ, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանին երկրում ժողովրդավարության ամրապնդման և ձեր հարևանությամբ կայունություն հաստատելու ջանքերում։
Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել ձեր կառավարության հետ` հասցեագրելու վերջին բռնություններից բխող մարդասիրական կարիքները, որոնք տիկին Փաուերը Ձեզ հետ մանրամասն կքննարկի։ Մենք նաև կշարունակենք ամրապնդել մեր համագործակցությունն էներգետիկ դիվերսիֆիկացման, դիմակայունության և անվտանգության հարցերում, ինչպես ցույց են տվել մեր վերջին զորավարժությունները:
Հայաստանի հարուստ պատմությունն ամենուրեք ոգեշնչել է ազգերին և մարդկանց՝ ձգտելու ազատության և արդարության: Իսկ ամերիկահայ համայնքը շարունակում է ուժի աղբյուր մնալ իմ սեփական երկրում: Հույս ունեմ առաջիկա տարում շարունակել էլ ավելի խորացնել և ամրապնդել մեր պետությունների և ժողովուրդների միջև կապերը»։