Արմինֆո.Հայաստան է ժամանել ԱՄՆ կոնգրեսական պատվիրակություն՝ սենատոր Գերի Փիթերսի գլխավորությամբ: Այդ մասին հաղորդում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է սենատոր Գերի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան նահանգ) գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը Հայաստանում։ Ս․թ․ սեպտեմբերի 22-25-ը Հայաստան կատարած այցի ընթացքում սենատոր Փիթերսը կհանդիպի ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և այլ շահագրգիռ անձանց հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունների ազդեցությունը։ Սենատոր Փիթերսը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։ Նա նաև կմեկնի Սյունիք՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և քննարկելու անվտանգային ու հումանիտար մարտահրավերները», - ասվում է հաղորդագրությունում։