Արմինֆո Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունը հերքում է Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշի ծածանման վերաբերյալ լուրը:
Մասնավորապես, Արցախի ներկայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Սեպտեմբերի 21-ի, ժամը 12։00-ի դրությամբ Ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ շրջանառվող հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։
Դրոշի հետ կապված կեղծ լուրերը նույնպես ստահոդ են և ինչպես բոլոր այս տեսակի ֆեյք տեղեկությունները, միայն մեկ բանի են ծառայում՝ ահաբեկում են Արցախում շրջափակված, սովալլուկ ու պատերազմի մեջ գտնվող հազարավոր մարդկանց։ Արցախում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հետևեք բացառապես պաշտոնական տեղեկատվությանը», - ընդգծել է Հայրապետյանը՝ հորդորելով զերծ մնալ չստուգված տեղեկատվություն հրապարակելուց:
Նշենք, որ ավելի վաղ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում հաղորդել էր, որ Ադրբեջանը, հակառակ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնության, սեպտեմբերի 21-ին օկուպացված Հաթերք գյուղում սպանել է մեկ խաղաղ բնակչի։ "Այսօր առավոտյան, ըստ նախնական տվյալների, օկուպացված Հաթերք գյուղում սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, այժմ հրաձգություն է ընթանում, և շարժվում են Ստեփանակերտի ուղղությամբ", - գրել է նա:
ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, իր հերթին, հաղորդել է, որ Արցախից ստացվող տեղեկատվության համաձայն, ադրբեջանցի զինյալները փորձում են ներխուժել մայրաքաղաք Ստեփանակերտ, տարբեր կողմերից կրակելով, և կենտրոնում բարձրացնել ադրբեջանական դրոշը: