Արմինֆո. Բնակչության շրջանում խուճապային տրամադրրություններով պայմանավորված՝ որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը: Այդ մասին հաղորդել է Ստեփանակերտի քաղաքապետարանը:
«Տեղեկացնում ենք, որ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում: Տարհանման անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես կգա հավելյալ տեղեկատվությամբ», - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ ըստ ՌԴ ՊՆ - ի ՝ ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի առավել վտանգավոր շրջաններից տարհանել է ավելի քան 2 հազար խաղաղ բնակչի (նրանցից 1049 - ը երեխաներ են): Նշվում է, որ բոլոր տարհանված բնակիչներն ապահովված են ժամանակավոր բնակության վայրերով և տաք սննդով: Անհրաժեշտության դեպքում տուժածներին ցուցաբերվում է բժշկական օգնություն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ գնդակոծել է Ստեփանակերտի արվարձանները և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ: Պաշտոնական Բաքուն հայտարարել է "լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ" սկսելու մասին, պնդելով, որ բարձր ճշգրտության զենքի կիրառմամբ հարվածներ է հասցնում միայն ռազմական օբյեկտներին: -