Արմինֆո.Դադիվանքի նախկին վանահայր Հայր Հովհաննես Հովհաննիսյանը, ով 44-օրյա պատերազմից հետո ծառայում էր Մարտակերտի շրջանի Հակոբավանքում, սեպտեմբերի 19-ին վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի զինված ուժերի սանձազերծած ագրեսիայի հետևանքով:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հաղորդում են, որ Տեր Հովհաննեսը փայծաղի վիրահատության է ենթարկվել: Այս պահին նա գտնվում է Արցախի հիվանդանոցներից մեկում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ գնդակոծել է Ստեփանակերտի արվարձանները և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ: Պաշտոնական Բաքուն հայտարարել է "լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ" սկսելու մասին, պնդելով, թե բարձր ճշգրտության զենքի կիրառմամբ հարվածներ է հասցնում միայն ռազմական օբյեկտներին:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ՄԻՊ գրասենյակը, ադրբեջանական զինված ուժերը քաղաքացիական բնակչության ուղղությամբ կիրառել են խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի։ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկությունների համաձայն՝ հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կան 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։ Այս փաստերը գալիս են հաստատելու, որ Ադրբեջանի զինված ուժերը նպատակ ունեն ավարտին հասցնելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը։ ", - ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում:-