Արմինֆո.Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում պետական իրավասու մարմիններին ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը և չկիրառել անհամաչափ ուժ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՄԻՊ գրասենյակը:
«Պաշտպանն ընդգծում է, որ ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցների գործադրումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան:
Պաշտպանը հորդորում է հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն, ապահովել հավաքի խաղաղ ընթացքն ու օրենսդրությամբ սահմանված պահանջները։
Տեղեկացնում ենք, որ այսօր ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով, աշխատակազմում իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ:
ՄԻՊ ներկայացուցիչներն այժմ գտնվում են հավաքի անցկացման վայրում, Պաշտպանի հանձարարությամբ արագ արձագանքման խումբն այց է իրականացրել բուժհաստատություն», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ կառավարության շենքի առջև տեղի է ունեցել բազմամարդ հանրահավաք, որի մասնակիցները պահանջել են ճանաչել Արցախի Հանրապետությունը, հնչել են նաև երկրում իշխանափոխության կոչեր: ՀՀ առողջապահության նախարարության նախնական տվյալներով ՝ իրավապահների հետ բախումների հետևանքով տուժել է 34 մարդ, որից 16-ը ՝ ոստիկան, 18-ը ՝ քաղաքացիական անձ ։ Նրանցից 17-ը ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս գրվել ։ Վիրավորներից 16-ը շարունակում են օգնություն ստանալ, մեկը վիրահատվել է ։