Արմինֆո."Մոսկվան թուրքական կողմից պաշտոնական ծանուցում չի ստացել քառակողմ հանդիպման անցկացման մասին՝ թեեւ մենք այդ հաղորդագրությունը տեսել ենք ԶԼՄ-ներում": Այդ մասին սեպտեմբերի 19-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով քառակողմ հանդիպում (Ռուսաստան, Թուրքիա, Հայաստան եւ Ադրբեջան) անցկացնելու Անկարայի առաջարկի վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին:
Ընդ որում, նա նշել է, որ Մոսկվան ավանդաբար սերտ կապ է պահպանում Անկարայի հետ միջազգային օրակարգի տարբեր ասպեկտների, այդ թվում ՝ Հարավային Կովկասում իրավիճակի, «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի պարամետրերի շուրջ:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին առաջարկել էր քառակողմ հանդիպում անցկացնել ՝ քննարկելու հին էթնոքաղաքական հակամարտության կարգավորման հեռանկարները: «Նման առաջարկ ենք փոխանցել: Այսինքն ՝ ես ինքս, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես ասել եմ՝ եկեք հանդիպենք, միասին քննարկենք այն քայլերը, որոնք պետք է արվեն", - եզրափակել է նա ։