Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շատ բարդ գործընթաց է ընթանում։ Այդ մասին սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երեկվա հայտարարությունն այն մասին, որ առավել կարեւոր հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները դեռեւս հեռու են միմյանցից։
Հովհաննիսյանն ընդգծել է, որ բանակցային գործընթացը ժամանակ է պահանջում բոլոր վիճելի հարցերը համաձայնեցնելու համար: Պատգամավորը հիշեցրել է, որ ի պատասխան հայկական կողմի առաջարկությունների հինգերորդ փաթեթի, նախօրեին Ադրբեջանից պատասխան է ստացվել: Գործընթացը, ինչպես նշել է խորհրդարանականը, փակուղում չէ, այն շարունակվում է՝ չնայած իրավիճակի բարդությանը և Հայաստանի սահմաններին ու Արցախի շուրջ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կուտակմանը: Խմբակցության քարտուղարը նշել է, որ խաղաղության պայմանագրում պետք է ներկայացված լինեն հստակ մեխանիզմներ, որոնց կիրառումը կապահովի Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն, իր հերթին, նշել է, որ խմբակցությունում դեռ ծանոթ չեն ադրբեջանական կողմի նոր նախաձեռնությունների մանրամասներին: Սակայն, մի փաստի վրա, ինչպես նշել է խորհրդարանականը, չի կարելի ուշադրություն չդարձնել. ակնհայտ է Բաքվի նախկին առաջարկների վերաձեւակերպված բնույթը։ «Բոլոր հարցերի շուրջ համաձայնություն չկա, բայց բանակցությունները շարունակվում են: Ի վերջո, մեր վերջնական նպատակներից մեկը տարածաշրջանում խաղաղության եւ համաձայնության հասնելն է, նույնիսկ, նկատի ունենալով Ադրբեջանի հաճախ ոչ կառուցողական դիրքորոշումը", - ասել է Ջուլհակյանը, հավելելով, որ այդ փաստը չպետք է կանգնեցնի երկրի իշխանություններին։
Ջուլհակյանը նշել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը։ Երեւանը, շարունակել է խորհրդարանականը, լինելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից մեկը, մշտապես հավատարիմ է եղել տվյալ փաստաթղթի դրույթներին, որոնցից մեկը վերաբերում է երկու ուղղություններով քաղաքացիների անարգել երթեւեկությանը, բեռների եւ տրանսպորտային միջոցների փոխադրմանը: Այս հարցով աշխատանքներ են տարվում բոլոր միջազգային գործընկերների հետ։ Եվ ԱՄՆ-ը, և Եվրոպական միությունը հստակ ազդակներ են ուղարկում Ադրբեջանին առ այն, որ Լեռնային Ղարաբաղ բեռների և մարդկանց տեղափոխման այլ երթուղիները չեն կարող այլընտրանք լինել Լաչինի միջանցքին:
Երկու բանախոսներն էլ ձեռնպահ են մնացել մեկնաբանել Հայաստանում "Վագներ" ՄՌԸ-ի 3 հազար հոգանոց խմբի ներկայության մասին իշխանամետ ԶԼՄ-ների հաղորդումները: "ԱԱԾ-ն զբաղվում է այդ հարցով, ինչի մասին երեկ հայտարարեց վարչապետը։ Ցանկացած նման տեղեկատվություն պետք է ստուգվի", - նշել է Հովհաննիսյանը։