Արմինֆո.Սեպտեմբերի 11-ին Հայաստանը մեկնարկել է Eagle Partner 2023 համատեղ զորավարժությունը ԱՄՆ խաղաղապահների հետ: Այդ մասին AFP գործակալությանը հաղորդել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարության ներկայացուցիչը։ "Eagle Partner զորավարժության բացման արարողությունը կայացել է", - ասել է նա:
ԱՄՆ ցամաքային ուժերի անանուն ներկայացուցչի խոսքով՝ արարողությունը տեղի է ունեցել Երևանից ոչ հեռու գտնվող "Զառ" ուսումնական կենտրոնում: Զորավարժությանը մասնակցում են 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ:
Ավելի վաղ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարությունը հաղորդել էր, որ զորավարժությունը թույլ կտա երկու երկրներին "կառուցել հարաբերությունները մարտավարական մակարդակում" և բարձրացնել ստորաբաժանումների "օպերատիվ համատեղելիությունը"՝ խաղաղապահ գործողությունների համար:
Սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ համատեղ զորավարժությունը կանցկացվի սեպտեմբերի 11-20-ը: