Արմինֆո. Այսօր Արցախի Հանրապետությունը կանգնած է քաղաքական, ռազմաքաղաական, տնտեսական և հումանիտար լրջագույն մարտահրավերների առջև:
Այդ մասին սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով, սեպտեմբերի 9-ին Արցախի խորհրդարանը, ցուցաբերելով վճռականություն, գրեթե միաձայն, 22 կողմ ձայնով քվեարկել է Սամվել Շահրամանյանին հանրապետության նախագահ ընտրելու օգտին: Մինչդեռ, ինչպես նշել է ընդդիմադիրը, Արցախի նորընտիր նախագահին ուղղված Հայաստանի Ազգային ժողովի շնորհավորական ուղերձ, նույնիսկ, Հայաստանի խորհրդարանի նիստի օրակարգում չկա: "Հայ ժողովուրդը շնորհավորել է Արցախի նոր ղեկավարին, որոշ երկրներ՝ ի դեմս Ուկրաինայի և Թուրքիայի, դատապարտել են դրանց անցկացումը, և որքան էլ տարօրինակ է, բայց պաշտոնական Երևանից մինչ օրս որևէ արձագանք չկա", - նշել է Մանուկյանը:
Նշենք, որ Արցախի նորընտիր նախագահին շնորհավորել են ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, Հայաստանի երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահները ՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արմեն Սարգսյանը, ինչպես նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ - ն: