Արմինֆո. Արցախի ԱԳՆ-ը հանդես է եկել մեկնաբանությամբ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում Արցախի վերաբերյալ տեղի ունեցած լսումների կապակցությամբ:
«Ողջունում ենք ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող ապօրինի արգելափակման վերաբերյալ արտակարգ լսումների անցկացումը: Բարձր ենք գնահատում Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահներ՝ Կոնգրեսականներ Սմիթի և ՄակԳովերնի ակտիվ ջանքերը՝ Արցախում ստեղծված մարդասիրական աղետը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու ուղղությամբ։
Կարևորում ենք, որ լսումների ընթացքում բանախոսների կողմից Ադրբեջանի գործողություններին տրվել է հստակ իրավական և քաղաքական գնահատական՝ դրանք բնորոշելով որպես Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանություն: Այս համատեքստում բանախոսները կոչ են արել ԱՄՆ իշխանություններին անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել՝ Արցախում ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ:
Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի և մյուս միջազգային դերակատարների կողմից արված բազմաթիվ դատապարտող հայտարարությունները կվերածվեն գործնական քայլերի՝ պարտադրելով Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն ու վերականգնել միջանցքի գործունեության ռեժիմը՝ համապատասխան 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումների:
Ցեղասպանության կանխարգելումը միջազգային հանրության բոլոր անդամների ինչպես անհատական, այնպես և հավաքական պարտավորությունն է, ինչը ենթադրում է հստակ եւ գործուն քայլերի ձեռնարկում։ Համոզված ենք, որ Արցախում ցեղասպանության կանխումն անհրաժեշտ է ոչ միայն Ադրբեջանի անպատժելիությունը վերացնելու, այլև մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնությունն աշխարհի այլ անկյուններում բացառելու համար», - ասվում է մեկնաբանությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Թոմ Լանթոսի մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են անցկացվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված աղետալի իրավիճակի վերաբերյալ: Լսումների ընթացքում երկու առանցքային զեկուցողներ ՝ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր և Կոլումբիայի համալսարանի "Վայրագություններն Արցախում" հետազոտական նախագծի ղեկավար Դեյվիդ Ֆիլիպսը ընդգծել են, որ Իլհամ Ալիևի ռեժիմը ցեղասպանության քաղաքականություն է վարում արցախահայերի նկատմամբ: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ լսումները նախատեսված են սեպտեմբերի 14-ին: Ենթադրվում է, որ քննարկումների ընթացքում ելույթ կունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Պետդեպարտամենտի ՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն և պետքարտուղարի ՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը: -