Արմինֆո.ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ։ Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։
Նրա խոսքով ՝ իրավիճակի վատթարացումը տեղի է ունենում սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումների շարունակվող արգելափակման հետեւանքով: "ԱՄՆ-ը վերջին մի քանի շաբաթների ընթացքում մշտապես աշխատել է կողմերի հետ, որպեսզի թույլ տա մարդասիրական օգնությունը հասցնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ բացել Լաչինի միջանցքը հումանիտար, առեւտրային եւ ուղեւորափոխադրումների համար", - հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12 - ից Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ է գտնվում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով, որի արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում ՝ 30 հազար երեխաների իրավունքները ։ Չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը փետրվարի 22-ին բավարարել է Հայաստանի պահանջը և պարտավորեցրել Ադրբեջանին չխոչընդոտել Լաչինի միջանցքով բեռների, մարդկանց և տրանսպորտի ազատ տեղաշարժը երկու ուղղություններով, Բաքուն մինչ օրս չի կատարել այդ իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը ։ Բացի այդ, ս.թ. ապրիլի 23-ին Ադրբեջանը անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում ՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում։ Իսկ հունիսի 15-ի միջադեպից հետո ադրբեջանական կողմն ամբողջությամբ շրջափակել է Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղ չի հասցվում անգամ մարդասիրական օգնություն, այդ թվում ՝ պարեն և դեղորայք ։ Հուլիսի 26-ին Հայաստանը մարդասիրական ավտոշարասյուն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ, որը մինչ օրս կանգնած է Կոռնիձորում: Ադրբեջանական կողմը թույլ չի տվել նաեւ Ֆրանսիայի տարբեր նահանգների կողմից հավաքված մարդասիրական բեռի փոխադրումն Արցախ։