Արմինֆո. Կյանքից հեռացել է Ֆրանսիայում հայ վետերանների և Դիմադրության շարժման մասնակիցների ազգային ասոցիացիայի (ANACRA) նախագահ Անտուան Բաղդիկյանը: Այդ մասին հաղորդել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը:
«Խորը ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ազգային ասոցիացիայի նախագահ (ANACRA) Անտուան Բաղդիկյանը։ Պարոն Բաղդիկյանը հայկական հարցի երկարամյա առաջամարտիկներից էր և մեծ դերակատարություն ուներ հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման և ամրապնդման գործում։ Նա մեծ ներդրում է ունեցել Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների սխրագործությունների արժևորման և նրանց հիշատակի հավերժացման գործում։ Անտուան Բաղդիկյանը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման կապակցությամբ Փարիզի հաղթանակի կամարի անմար կրակի հանդիսավոր թեժացման ամենամյա միջոցառման հեղինակներից և կազմակերպիչներից էր։
Լինելով նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հիմնադիր անդամ՝ Անտուան Բաղդիկյանն ակտիվորեն ներգրավված էր ֆրանսահայ համայնքի հասարակական կյանքում։ Չնայած տևական ժամանակ ֆիզիկապես հյուծող ծանր հիվանդությանը՝ պարոն Բաղդիկյանը մինչև վերջ ոգով տոկուն էր, մշտապես հանդես էր գալիս նոր նախաձեռնություններով, իսկ հետպատերազմյան շրջանում իր ողջ ջանքերն ուղղել էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ Ֆրանսիայի քաղաքական և հասարակական շրջանակների լայն իրազեկման գործին։ Կիսելով Անտուան Բաղդիկյանի կորստի ծանր վիշտը՝ մեր անկեղծ ցավակցություններն ենք հղում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին», - ասվում է դեսպանության հաղորդագրությունում։