Արմինֆո. Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Այդ մասին հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով: Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից բուժման էին տանում Հայաստան, առևանգել էին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները և տարել անհայտ ուղղությամբ: Մի քանի ժամ նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէր, ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց Խաչատրյանին ձերբակալելու մասին ՝ 1991 թվականին, իբր, կատարված ռազմական հանցագործությունների համար մեղադրանքով։