Արմինֆո. Աշխարհին այսօր շատ են պակասում այնպիսի մարդիկ, ինչպիսին Էլի Վիզելն էր (Հոլոքոստը վերապրած ամենահայտնի մարդկանցից մեկը, աշխարհահռչակ գրող և մարդու իրավունքների պաշտպան - խմբ.): Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Հայ դիվանագետը հիշեցրել է, որ 1986 թվականին Խաղաղության նոբելյան մրցանակի հանձնման ժամանակ իր ելույթում Էլի Վիզելը, անդրադառնալով իր՝ մի երիտասարդի մասին մշտապես վկայելու իր ձգտմանը, որին ուղարկել էին մահանալու Օսվենցիմ եւ Բուխենվալդ, մասնավորապես, ասել է. "Եվ հետո ես նրան բացատրում եմ, թե որքան միամիտ էինք մենք, որ աշխարհը գիտեր և լռում էր: Եվ հենց այդ պատճառով էլ ես երդվել եմ երբեք չլռել, որտեղ էլ մարդիկ տառապանքներ ու նվաստացումներ կրեն։ Մենք պետք է ոոորեւէ մեկին կողմ լինենք ։ Չեզոքությունն օգնում է ճնշողին, ոչ թե զոհին: Լռությունը խրախուսում է տանջողին, ոչ թե տանջվողին: Երբեմն մենք ստիպված ենք միջամտել: Երբ մարդկային կյանքը վտանգված է, երբ մարդկային արժանապատությունը վտանգված է, ազգային սահմաններն ու զգայունությունը կորցնում են իրենց նշանակությունը: Որտեղ էլ որ տղամարդիկ և կանայք հետապնդվեն իրենց ռասայի, կրոնի կամ քաղաքական հայացքների պատճառով, այս վայրը, այս պահին, պետք է դառնա տիեզերքի կենտրոնը":
Ակնհայտ է, շարունակել է Մկրտչյանը, որ աշխարհում այժմ պակասում են այնպիսի մարդիկ, ինչպիսին Էլի Վիզելն էր ։ "Նա Հայոց ցեղասպանության ճանաչման համոզված կողմնակիցն էր, և եթե նա այսօր մեզ հետ լիներ, անկասկած, կպաշտպաներ Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքները, քանի որ նրանց կյանքն ու արժանապատվությունը վտանգված են, հատկապես 2020 թվականից", - եզրափակել է ՀՀ դեսպանը:
Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ ։ Եթե մինչև ս.թ. հունիսի 15-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուս խաղաղապահները հնարավորություն ունեին գոնե սահմանափակ քանակությամբ առաջին անհրաժեշտության սննդամթերք հասցնել Արցախի պաշարված բնակչությանը, ապա հունիսի 15-ից հետո այդ հնարավորությունն էլ չկա: Արցախի 120 հազարանոց բնակչությունը սովամահության շեմին է ՝ միջազգային հանրության անգործության ֆոնին։ Հուլիսի 26-ից Հայաստանի կառավարության կողմից 360 տոննա մարդասիրական բեռով բեռնատարները կանգնած են Կոռնիձորում և սպասում են պաշարված Արցախ մեկնելու հնարավորությանը: Հավելենք նաև, որ իրավունքի ոլորտի միջազգային փորձագետներն արդեն իսկ արցախցիների նկատմամբ Ադրբեջանի գործողությունները որակում են որպես ցեղասպանություն:
Բացի այդ, օգոստոսի 15-ին Արցախում գրանցվել է սովամահության առաջին դեպքը։
Հավելենք նաև, որ օգոստոսի 12-ին Հայաստանը դիմել էր ՄԱԿ Անվտանգության խորհրդին ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հրատապ նիստ հրավիրելու խնդրանքով: Օգոստոսի 16-ին կայացած նիստն, ըստ էության, որևէ արդյունք չտվեց։ Իսկ Ադրբեջանը, օգտվելով, այսպես կոչված, քաղաքակիրթ աշխարհի անգործությունից, շարունակում է շրջափակված Արցախի վզին սեղմակ ձգել ։ Շրջափակման նպատակը ԼՂՀ հայաթափումն է ։