Արմինֆո.Փարիզի, Մարսելի և Ստրասբուրգի քաղաքապետերը կուղեկցեն շրջափակված Արցախի համար ֆրանսիական մարդասիրական բեռը:
"Ֆրանսիայից մարդասիրական ավտոշարասյունը՝ 10 մեծ բեռնատարով, օգոստոսի 30-ին կուղևորվի Կոռնիձոր՝ հայկական Արցախ մուտք գործելու համար", - իր թվիթերյան էջում հաղորդել է ֆրանսիական հեղինակավոր Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան Քրիստոֆ Բուիսոնը: Նա հավելել է, որ բեռը հավաքվել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) աջակցությամբ:
Լրագրողը նաև տեղեկացրել է, որ բեռը կուղեկցեն ֆրանսիական մի շարք շրջանների ներկայացուցիչներ: Պատվիրակությունը գլխավորում է Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն։ Պատվիրակության կազմում են նաեւ Վանդեայից սենատոր Բրունո Ռիտեյլոն, Օ դը Ֆրանս շրջանի ղեկավար Քսավյե Բերտրանը, Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի փոխնախագահ Պատրիկ Կարամը, Մարսելի քաղաքապետ, բժիշկ Միշել Ռուբիրոլը եւ Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը:
Ուշագրավ է, որ CCAF-ի ղեկավար Մուրադ Փափազյանը չի կարող ուղեկցել հավաքված բեռը, քանի որ Հայաստանում անցանկալի անձ է հայտարարված։ Փափազյանը դատական կարգով վիճարկում է ՀՀ իշխանությունների այդ որոշումը։
Հավելենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու Փարիզի վճռականության մասին: Ավելին, ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են ՄԱԿ Անվտանգության խորհրդում Արցախի հումանիտար իրավիճակի վերաբերյալ բանաձևի նախագիծ նախաձեռնելու Ֆրանսիայի մտադրության մասին: