Արմինֆո. Ստեփանակերտում հերքում են օգոստոսի 22-ին Արցախի նախագահի կողմից Անվտանգության խորհրդի նիստի անցկացման և Ադրբեջանից հանրապետության մատակարարումն սկսելու որոշման մասին հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում սուտ է որակել այս տեղեկությունը: Միաժամանակ, նա ընդգծել է, որ օգոստոսի 22-ին և 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փակ քննարկումներ է անցկացրել տարբեր պետական, քաղաքական և հասարակական շրջանակների հետ, որոնց ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները:
"Քննարկվել են Արցախի իշխանությունների գործողություններն ու իրավիճակի հանգուցալուծումը, տարբեր կենտրոններից ստացված միջնորդական առաջարկները։ Որոշումը դեռ չի կայացվել, սակայն քննարկումները շարունակվում են։ Առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների մասին տեղեկատվությունը նախագահ Հարությունյանը կհրապարակի անձամբ", - ասել է Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ երեկ ԼՂՀ Անվտանգության խորհրդի նիստում Արցախի նախագահը հաղորդել է Աղդամի ճանապարհով առևտուր անելու որոշման մասին: Ըստ տեղեկությունների՝ Հարությունյանը հաղորդել է, թե որոշում է կայացվել, որ դիզելը, շինանյութը մատակարարվելու է Ադրբեջանից, իսկ դեղորայքն ու սննդամթերքը՝ Հայաստանից Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով։ Հետագայում Արցախի էլեկտրա- և գազամատակարարումը նույնպես իրականացվելու է Ադրբեջանից։