Արմինֆո."Ապրելու երկիր" կուսակցության համար Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության հետ համագործակցությունը "կարմիր գիծ" է։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, լրագրողների հետ զրույցում հայտաարել է կուսակցության ղեկավարներից մեկը՝ Մանե Թանդիլյանը։
Նա հավելել է, որ կուսակցությունը հիմքեր չի տեսնում նաեւ "նախկինների" հետ համագործակցության համար, սակայն Հայաստանի եւ Երեւանի զարգացման գաղափարին հավատարիմ ուժերի համար, որոնք կիսում են "Ապրելու երկրի" տեսլականը, կուսակցությունը բաց կլինի փոխգործակցության ուղղությունների քննարկումների համար: Թանդիլյանը նշել է, որ, հաշվի առնելով կառավարող ուժի ներկայացուցիչների կողմից ընդդիմության վրա մշտական հարձակումները, կարելի է եզրակացնել, որ "Քաղաքացիական պայմանագիրը" լրջորեն վախենում է իր դիրքերի համար: "Իմ միակ կոչը կարմիր գծերը չանցնելն է", - հայտարարել Է ընդդիմադիրը։
Խոսելով Արցախի մասին՝ նա նշել է, որ հանուն նրա ապագայի ընդդիմությունը մտադիր է իշխանափոխություն իրականացնել Հայաստանում։ Թանդիլյանը նշել է, որ ուժեղ Արցախի համար անհրաժեշտ է ուժեղ Հայաստան։ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը չպետք է դիտարկել կարճաժամկետ հեռանկարում, անհրաժեշտ է ամեն օր աշխատել դրա լուծման ուղղությամբ, որպեսզի տարիներ անց ցանկալի արդյունք ստանանք: "Դրա համար շատ կարևոր է փակել բոլոր դռները, որոնց հետևում կասկածի տակ է դրվում Արցախի ժողովրդի միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքը: Երբ խոսվում է Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին, հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչի շուրջ եք բանակցում։ Եթե այդ խնդիրներով զբաղվեին երեք տարի առաջ, այսօր չէր լինի այն իրավիճակը, որին բախվել են Արցախի և Հայաստանի ժողովուրդները", - հայտարարել է Թանդիլյանը։
Հիշեցնենք, որ "Ապրելու երկիր" կուսակցությունը մասնակցում է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Հայաստանի մայրաքաղաքի ընտրողները պետք է ընտրեն ավագանու 65 անդամի, որոնք էլ իրենց հերթին կընտրեն Երևանի քաղաքապետին: