Արմինֆո.Կոչ ենք անում Ադրբեջանին չառաջարկել Աղդամի ճանապարհը, քանի որ այն չպետք է դիտարկվի որպես այլընտրանք Քաշաթաղի (Լաչինի) միջանցքին: Այդ մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ Արցախում ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ հրատապ նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Մալթայի ներկայացուցիչ Լուիս Դեբոնոն։
Իր ելույթում դիվանագետն ուշադրություն է հրավիրել Արցախում խորացող իրավիճակի վրա՝ կապված Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի արգելափակման, դեղորայքի, առաջին անհրաժեշտության մթերքների դեֆիցիտի, կրթության և բուժօգնության անհասանելիության հետ:
ՄԱԿ-ում Մալթայի ներկայացուցիչը հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել պարենի և դեղորայքի առկայությունը Լեռնային Ղարաբաղում: "Անհրաժեշտ է ապահովել դեպի Լեռնային Ղարաբաղ տեղաշարժի ազատությունը ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների և միջազգային մարդասիրական նորմերի։ Մենք Ադրբեջանին կոչ ենք անում չառաջարկել Աղդամի ճանապարհը, քանի որ այն չպետք է դիտարկել որպես Քաշաթաղի միջանցքի նկատմամբ այլընտրանք", - նշել է նա։
Դիվանագետը նաև ընդգծել է հումանիտար հարցերի քաղաքականացման անթույլատրելիությունը: "Անհրաժեշտ է ապահովել ԿԽՄԿ մուտքի վերականգնումը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը պետք է շարունակական լինի՝ Հարավային Կովկասում խաղաղության ապահովման համար", - նշել է նա, հավելելով, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման փոխընդունելի ուղի գտնելուն: Նա նաև աջակցություն է հայտնել ԵԱՀԿ ջանքերին այս հարցում ։