Արմինֆո. Օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու՝ Ադրբեջանի մտադրության կանխման հրամայականը:
ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպմանն ընդառաջ Արարատ Միրզոյանը շեշտել է առկա մեխանիզմներն արդյունավետորեն օգտագործելու, 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության 6-րդ կետի և Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման ուղղությամբ հստակ քայլերի անհրաժեշտությունը:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության համաձայն, Սերգեյ Լավրովն Արարատ Միրզոյանի հետ զրույցում նշել է Լեռնային Ղարաբաղում սուր հումանիտար իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման խնդրի առաջնահերթությունը՝ հաշվի առնելով 2020 - 2022թթ. ՌԴ-ԱՀ-ՀՀ բարձր մակարդակի եռակողմ հայտարարությունների համալիրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հաստատման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները:
Ընդգծվել է, որ, կարգավորման շահերից ելնելով, սկզբունքորեն կարեւոր է կենտրոնանալ «գետնի վրա» փոխադարձ ընդունելի գործնական քայլերի համաձայնեցման վրա։ Այդ հունում մտքեր են փոխանակվել ՄԱԿ Անվտանգության խորհրդում ղարաբաղյան հարցի վերաբերյալ քննարկումների հեռանկարների շուրջ։
Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերգեյ Լավրովի և իր ադրբեջանցի գործընկերոջ միջև: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, հատուկ շեշտադրում է եղել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության շուտափույթ ապաէսկալացմանն ուղղությամբ սկզբունքորեն ավելի վաղ համաձայնեցված քայլերի գործնական իրականացման անհրաժեշտության վրա, այդ թվում՝ հումանիտար երթուղիների ապաշրջափակումը, ներառյալ՝ Լաչինի միջանցքը: Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների ողջ համալիրի կատարման անայլընտրանքայնությունը ՝ Բաքվի և Երևանի հարաբերությունների կայուն կարգավորման հասնելու համար ։ Նախարարները ընդհանուր կարծիք են հայտնել այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքը քաղաքական-քարոզչական ակցիաներով փոխարինելու փորձերի հակաարդյունավետության մասին։