Արմինֆո.Օգոստոսի 15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում, Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն: Բարեբախտաբար, քաղաքացուն հաջողվել է փրկվել, վնասվել է միայն կոմբայնը։ Այդ մասին հաղորդել է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:
«Կրակոցների պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին», - ասվում է հաղորդագրությունում։